12 հունիսի 2012 - 16:49 AMT
Հայաստանը մասնակցել է ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը Բելգրադում

Հունիսի 11-ին Բելգրադում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 26-րդ հանդիպումը, որին նախորդեց կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի երկօրյա նիստը:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով հանդես եկավ ելույթով, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

ՀՀ փոխարտգործնախարարն իր ելույթում գոհունակությամբ նշեց անցած կիսամյակի ընթացքում ՍԾՏՀ-ում Սերբիայի նախագահությամբ սոցիալ-տնտեսական համագործակցության բնագավառներում արձանագրված առաջընթացը և դրանում Հայաստանի գործնական դերակատարությունը: Կարևորվեց ՍԾՏՀ 20-ամյակի նախաշեմին կազմակերպության արդյունավետության հետագա բարելավման, տարածաշրջանային կոնկրետ ծրագրերի պատշաճ իրականացմանն ուղղված տնտեսական նոր օրակարգի ձևավորման և խթանման նշանակությունը:

Փոխնախարարն ողջունեց ՍԾՏՀ տնտեսական նոր օրակարգի և այլ ռազմավարական փաստաթղթերի, վերոնշյալ ժամանակահատվածում ՍԾՏՀ էներգետիկայի և բնապահպանության նախարարների կողմից նշված ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հռչակագրերի ընդունումը:

Գործնական համագործակցության ձեռքբերումների համատեքստում փոխնախարարն ընդգծեց ՍԾՏՀ առողջապահության և դեղագործության հարցերի աշխատանքային խմբում Հայաստանի համակարգման ժամանակ անդամ-երկրներում սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագրի ընդունումը:

Հանդիպմանը դրական գնահատականի արժանացավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի աշխատանքային խմբի համակարգող երկրի` Հայաստանի գործունեությունն ոլորտում համագործակցությունը խթանելու առումով: Գոհունակությամբ նշվեց, որ ՍԾՏՀ Նախագծերի զարգացման հիմնադրամի շրջանակում ընդունվեցին հայկական նոր նախագծեր, մասնավորապես, գիտության ու տեխնոլոգիաների և մշակույթի բնագավառներում: ՍԾՏՀ-ի շրջանակում իրականացվելիք «Գրական տապան` 10 տարի անց» ՀՀ մշակութային նախագիծը մաս է կազմում «2012թ.՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի և նվիրված է հայ տպագրության 500-ամյակին:

Հանդիպման արդյունքում ընդունվեցին 80-ից ավելի որոշումներ և առաջարկություններ:

Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Սերբիայից փոխանցվեց Թուրքիային, որը կպաշտոնավարի 2012թ. երկրորդ կեսին:

Նույն օրը, պատվիրակությունների ղեկավարները մասնակցեցին Սերբիայի նորընտիր նախագահ Տ. Նիկոլիչի երդման հանդիսավոր արարողությանը:

Հունիսի 12-ին, ՀՀ ԱԳ փոխնախարարն այցելեց Բելգրադում ՀՀ պատվավոր հյուպատոսության նորաբաց գրասենյակը: