12 հունիսի 2012 - 18:46 AMT
Սերգո Կարապետյան. FAO աջակցությունը Հայաստանին պետք է լինի նպատակային և արդյունավետ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը հունիս 12 –ին ընդունել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պատվիրակության ղեկավար Մեթյու Քահանեի գլխավորած պատվիրակությանը: Սերգո Կարապետյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ նախարարությունը սերտորեն համագործակցում է կազմակերպության հետ` գոհունակություն հայտնելով, որ այն հետևողական է իր կողմից օժանդակություն ստացած ծրագրերի իրականացման ընթացքի ու արդյունավետության նկատմամբ:

«2004 թվականից սկսելով համագործակցությունը FAO – ի հետ իրականացվել է 50 – ից ավելի ծրագիր և դրանցից որևէ մեկը չի կարելի թերագնահատել իրենց կարևորությամբ:Վերջին երկու տարում մեր համագործակցությունը նոր փուլ թևակոխեց:Համոզված եմ , որ այն ավելի կխորանա և առարկայական կդառնա FAO -ի և գյուղատնտեսության նախարարության միջև կնքված քառամյա աջակցության ծրագրից հետո՚, - շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար` նշել է Սերգո Կարապետյանը:

Իր հերթին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պատվիրակության ղեկավար Մեթյու Քահանեն, մանրամասնելով իր ղեկավարած առաքելության գործառույթները, նշել է, որ ներկայում իրենց նպատակն է տեսնել իրականացված ծրագրերի գործնական ազդեցությունը ոլորտի զարգացման վրա:Իսկ հիմնական առաքելությունը կկայանա օգոստոսի վերջին – սեպտեմբերի սկզբին:

Հարկ է նշել, որ ծրագրերի արյունավետության հարցում Սերգո Կարապետյանը մշտապես առաջ է քաշել դրանց վերահսկման կարևորությունը:

«Ձեր առաքելության հարցում ես էլ իմ լուման ունեմ: Երբ նոր էի ստանձնել նախարարի պարտականությունները, ինքս առաջարկեցի իրականացնել մոնիթորիգ, ստուգել իրականացվող կամ արդեն իսկ իրականացված ծրագրերի արդյունավետությունը, քանի որ բավականին մեծ գումաներ են ծախսվում: Հարկավոր է, որ դրանք լինեն նպատակային և արդյունավետ, որպեսզի նպաստեն գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը», - նշել է Սերգո Կարապետյանը` պատրաստակամություն հայտնելով այս հարցում օժանդակել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պատվիրակությանը: