Այս տարի «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 9-րդ փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերին կմասնակցի 150 ֆիլմ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:
Այս տարի փառատոնին ներկայացվել է ռեկորդային` 1200 հայտ: Ստամբոլցյանի խոսքով, խաղարկային ֆիլմերի անվանակարգում ներկայացված է 12 ֆիլմ, որը սովորական թիվ է: Ծրագրում ընդգրկվել է լայն աշխարհագրություն` Չիլիից մինչ Իրան: Խաղարկային մրցույթում ներկայացված են ռուս սկանդալային ռեժիսոր Վասիլի Սիգարևի «Ապրել», Պիեռ Շոլլերի «Նախարարը», Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմերը, որոնք Կաննի կինոփառատոնում արժանացել են ՖԻՊՐԵՍԻ ժյուրիի մրցանակին և այլոք:
Կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը, ներկայացնելով վավերագրական ֆիլմերի անվանակարգը, նշեց, որ այստեղ ընդգրկված են նաև հայկական ֆիլմեր: Այս տարի շատ են նաև տարբեր մրցույթների և կինոփառատոների մասնակցած վավերագրական ֆիլմերը:
«Հայկական համայնապատկեր» մրցույթն այս տարի կրել է փոփոխություններ: Այդ մասին ասաց անվանակարգի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը, նշելով, որ առանձնացվել են խաղարկային և վավերագրական ֆիլմերը:
Ամենաշատ հայտ է ներկայացվել «Կորիզ» անվանակարգում: 560 հայտից ընտրվել է միայն 39-ը:
«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 8-15-ը: Այս տարի ստացվել է ռեկորդային` 1120 հայտ աշխարհի 70 երկրներից: Փառատոնն, այս տարի, կպահպանի 4 մրցութային ծրագրերը`
«Միջազգային խաղարկայինը», «Միջազգային վավերագրականը», «Հայկական համայնապատկերը» և «Կորիզը»: Կազմակերպիչները խոստանում են նաև երևանյան պրեմիերաներ, «Հարգանքի տուրք», և հետահայաց
ցուցադրություններ: Այս տարի կնշվեն Ֆրունզե Դովլաթյանի 85, Անդրեյ Տարկովսկու 80 և Յուրի Երզնկյանի 90-ամյակները: կինոփառատոնի ընթացքում կներկայացվի նաև «Գիրք և կինո» ծրագիրը:
Փառատոնի ընթացքում 6-րդ անգամ կկազմակերպվի «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը:
Այս տարի փառատոնի նախագահն է լինելու հայտնի իսպանացի կինոռեժիսոր, Վիկտոր Էրիսեն, ով եղել է Կաննի 2010 թ. ժյուրիի կազմում:
Արդեն 7-րդ տարին անընդմեջ «Ոսկե ծիրանի» հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: