15 հունիսի 2012 - 20:27 AMT
Ֆրանսիացի սենատորը մտադիր է պաշտպանել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը այդ պատմական փաստի ժխտումից

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի ներկայացուցիչ, սոցիալիստ Ֆիլիպ Կալտենբախի հետ: Հանդիպմանը Կալտենբախը հաստատել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը այդ պատմական փաստի ժխտումից պաշտպանելու իր մտադրությունը:

Նա ընդգծել է, որ նորընտիր նախագահը նույնպես ժխտումն անընդունելի է համարում և մոտ ժամանակներս ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող համապատասխան օրինագիծ կմշակվի: «Մեր հանրապետության տարածքում ժխտում չպետք է լինի»,- ընդգծել է Կալտենբախը: Սենատորը հայտնել է նաև, որ ինքն ու իր գործընկերները այս տարվա նոյեմբերին հաճույքով կընդունեն իրենց պաշտոնակիցներին Հայաստան – Ֆրանսիա բարեկամության խմբից:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է:

Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել այդ օրինագիծը և իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»:

Նիկոլյա Սարկոզին նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր, որ իր ընտրվելու դեպքում օրինագծի նոր տեքստը կներկայացվի արդեն հունիսին:

Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլլանդը նույնպես խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը: