16 հունիսի 2012 - 16:21 AMT
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը պարգևատրվեց Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` քանդակագործության ասպարեզում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ` ՀՀ ժողովրդական նկարիչ ու քանդակագործ Լևոն Թոքմաջյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Շնորհավորելով հոբելյարին` Տարոն Մարգարյանը նշել է, որ բարձր է գնահատում ինչպես քանդակագործության ոլորտում, այնպես էլ մայրաքաղաքի մշակութային կյանքում Թոքմաջյանի ներդրած ավանդը:

«Քաղաքապետարանը շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել մշակութի գործիչներին` հետաքրքիր մտահղացումների ու ծրագրերի իրականացման հարցում»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին բարձր պարգևի ու բարեմաղթանքների համար` քանդակագործը նշել է, որ պարգևն իր համար անակնկալ էր և ստեղծագործելու լրացուցիչ խթան կհանդիսանա, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը: