18 հունիսի 2012 - 15:31 AMT
«Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանի են արժանացել Էռնես Դրայսը և Յոհաննես Կերհերը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 17-ին Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունից` Հայաստանի և Գերմանիայի միջև հոգևոր ու մշակութային ոլորտներում փոխհամագործակցության զարգացման գործում իրենց ներդրման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի են արժանացել Էռնես Դրայսը և Յոհաննես Կերհերը:

Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Սրբազան Հայրը ներկայացրել է շքանշանակիրների գործունեությունն ու իրականացրած բարեգործական ծրագրերը:

Արարողության ավարտին հոգևոր երգերի կատարմամբ հանդես է եկել Ս. Գեղարդավանքի երգչախումբը: