«Հարսնաքար» ռեստորանային համալիրում hունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան հայտարարություն է արել, որում ասոցացիան կոչ է անում բոլոր բժիշկներին, մասնագիտական ասոցիացիաներին, կազմակերպություններին և քաղաքացիներին միահամուռ կերպով իրենց բողոքի ձայնը բարձրացնել կատարվածի կապակցությամբ.
«Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան խիստ դատապարտում է ինքնիրավչության, վանդալիզմի և անպատժելիության ցանկացած դրսևորում, անկախ դրա կատարողների «տերերի» կարգավիճակից, առավելևս երբ այն ուղղված է ազնվագույն և ամենամարդասիրական մասնագիտության ներկայացուցչների` բժշկների հանդեպ:
Բժիշկներ, ովքեր փրկել են բազմաթիվ կյանքեր, ում աշխատանքի շնորհիվ բազմաթիվ հիվանդ զինվորականներ վերականգնել են իրենց առողջությունը և շարունակել ծառայությունը Հայկական բանակում:
Դիմում ենք բոլոր պատկան մարմիններին` բարեխղճորեն աշխատել բոլոր մեղավորներին հայտնաբերման և օրենքի ողջ խստությամբ պատժելու համար` ապահովելով գործընթացի առավելագույն անաչառություն և թափանցիկություն, ինչը տեղի չի տա բողոքի ծայրահեղ դրսևորումների:
Մեր աղոթքն ենք հղում առ Աստված` ողջ և առողջ պահելու մեր տուժած գործընկերներին»,-նշվում է հայտարարության մեջ: