23 հունիսի 2012 - 10:20 AMT
Հովիկ Աբրահամյանը ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթին

Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-գերմանական միջպետական և միջխորհրդարանական հարաբերություններում ունեցած ներդրումի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:

Հովիկ Աբրահամյանը կարևորել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը և զարգացումը` այս համատեքստում վերահաստատելով իր հրավերը` Գերմանիայի Բունդեսթագի նախագահին այցելել Հայաստան:

Շմիդթը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին` համագործակցության համար` նշելով, որ իր պաշտոնավարության տարիների ընթացքում Հայաստանը զարգացման զգալի հաջողություններ է գրանցել տարբեր ոլորտներում: Նա նույնպես կարևորել է երկու երկրների խորհրդարանների գործակցության զարգացումը և փոխադարձ այցերը ` իբրև հայ-գերմանական հարաբերությունների զարգացման կարևոր գործոն: