24 հունիսի 2012 - 16:56 AMT
Թուրքիայի ԱԳ նախարար. Անկարան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի՝ կապված կործանված հետախուզական ինքնաթիռի հետ

Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն հայտնել է, որ Անկարան միջազգային իրավունքով նախատեսված անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Սիրիայի հանդեպ՝ կապված թուրքական կործանված հետախուզական ինքնաթիռի հետ: «Ոչ մեկն այդ հաշվով կասկածներ չպետք է ունենա»,- հայտնել է այսօր Դավութօղլուն TRT պետական հեռուստաընկերության եթերում:

«Թե ինչպիսի կոնկրետ քայլեր կձեռնարկվեն, հայտնի կդառնա վարչապետի հետ խորհրդակցությունից և կառավարության նիստից հետո: Դրանք կհրապարակի հենց վարչապետը»,- հավելել է նա՝ նշելով, որ Էրդողանն ավանդաբար հրապարակում է կարևոր ներքին և միջազգային որոշումները:

Պատասխանելով հաղորդավարի հարցերին՝ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է «Հյուսիսատլանտյան դաշինքի մասին պայմանագրի 4-րդ հոդվածի շրջանակում» տեղեկացնել ՆԱՏՕ-ին Սիրիայի հետ կապված միջադեպի մասին, սակայն չի ճշտել՝ արդյոք խոսքը կգնա «հավաքական անվտանգության» մասին դրույթը գործարկելու խնդրանքի մասին: