26 հունիսի 2012 - 14:40 AMT
Դիլիջանում կկայանա Հայ-վրացական ֆինանսական շուկաների 1-ին ֆորումը

2012թ. հունիսի 29-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի նախաձեռնությամբ Դիլիջանում, առաջին անգամ կանցկացվի Հայ-վրացական ֆինանսական շուկաների ֆորումը, ասվում է բորսայի հաղորդագրության մեջ:

Ֆորումը՝ առաջին նմանատիպ միջոցառումն է Հայաստանի և Վրաստանի ֆինանսական շուկաների համագործակցության շրջանակներում, որը կարևոր է նաև երկու երկրներ ներդրումային ներուժը բացահայտելու տեսանկյունից:

Ֆորումը նախատեսում է ներգրավել Հայաստանի և Վրաստանի շուկայի կարգավորողների, ֆոնդային բորսաների, կենտրոնական դեպոզիտարիաների, բանկերի և ներդրումային ընկերությունների պաշտոնյաներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ֆորումի ընթացքում քննարկվելու են երկու երկրների կապիտալի շուկաների վերջին զարգացումները, կենսաթոշակային բարեփոխումները և դրանց ազդեցությունը արժեթղթերի շուկայի վրա, ինչպես նաև Հայաստանում և Վրաստանում բիզնեսի զարգացման և այս ոլորտում համագործակցության հնարավորությունները: