29 հունիսի 2012 - 16:42 AMT
Հորդանանի ու Հայաստանի միջև կնքվել է մշակութային համագործակցության մասին համաձայնագիր

Հորդանանն ու Հայաստանը հունիսի 28-ին կնքել են մշակութային համագործակցության երկկողմ համաձայնագիր: Ինչպես հաղորդում է հորդանանյան «Պետրան», համաձայնագիրը կնքվել է Հորդանանում, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և Հորդանանի մշակույթի նախարար Սալահ Ջարարի միջև: Ըստ համաձայնագրի, երկու երկրներում տեղի են ունենալու ցուցահանդեսներ և ներկայացումներ, լինելու են դերասանների, գրողների, բանաստեղծների և երաժիշտների միջև փոխանակման ծրագրեր:

Կողմերը պայմանավորվել են նաև կազմակերպել համատեղ գիտաժողովներ և սեմինարներ մշակույթի ոլորտում:

Հիշեցնենք, որ հունիսի 24-30-ը Հորդանանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր, որոնց ընթացքում իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, գալա համերգ, դասախոսություն:

Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: