11 հուլիսի 2012 - 14:00 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Վերջին քաղաքացիական բողոքները վկայում են ձախ հայացքների ձևավորման մասին

Վերջին քաղաքացիական բողոքները Հայաստանում, մասնավորապես, պայքարը Մաշտոցի պուրակի համար, բողոքներն ընդդեմ «Հարսնաքարում» տեղի ունեցած բժիշկ Վահե Ավետյանի սպանության, վկայում են, որ երկրում ձախ հայացքներ են ձևավորվում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, մեր քաղաքացիական ակտիվիստները պահում են իրենց այնպես, ինչպես դասական «նոր ձախերը» Եվրոպայում և Լատինական Ամերիկայում:

Իսկանդարյանը մասնավորապես առանձնացրեց նրանց պայքարը բնապահպանության համար, բողոքները հին շինությունների քանդման դեմ, սոցիալական արդարության պահանջները:

Իսկանդարյանը հավելել է, որ մասնավոր հարցերում, որոնք սպառնալիք չեն քաղաքական համակարգի համար, իշխանությունները զիջումների կգնան: Նա հայտարարեց նաև, որ չի կարծում, թե մինչ նախագահական ընտրությունները քաղաքացիական շարժումը կվերածվի որևէ լուրջ քաղաքական ուժի՝ նշելով, որ նրանք առիթից առիթ են գործում:

Քաղաքագետը նաև հորդորել է չհամեմատել այդ բողոքները արաբական գարնան հետ՝ նշելով, որ հայաստանյան իրադարձություններն ավելի նման են Լատինական Ամերիկայում կատարվող երևույթներին: Ըստ նրա, «արաբական գարուն» տերմինը հորինել են որոշ լրագրողներ ու քաղաքագետներ, դա ընդհանուր երևույթ չէ և տարբեր երկրներում ժողովրդական ընդվզման համար տարբեր հիմքեր կային: