20 հուլիսի 2012 - 12:53 AMT
ICES. Ընտրություններն Արցախում համապատասխանում էին միջազգային ընտրական իրավունքի պահանջներին

Ընտրակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի՝ ICES-ի դիտորդների պաշտոնական առաքելությունը նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում համարում է հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտման կայացած ժողովրդավարական ակտ, որը համապատասխանում էր միջազհային ընտրական իրավունքի պահանջներին: Այդ մասին հայտարարել է առաքելության ղեկավար Ալեքսանդր Ցինկերը Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսում: Հայտարարության մեջ նշվում, որ ընտրություններն ընդհանուր առմամբ անցան ժողովրդավարական մրցակցային պայքարում, ընտրողների շատ բարձր մասնակցությամբ և համապատասխանում էին միջազգային ընտրական իրավունքի հիմնական սկզբունքներին ու պահանջներին:

Դիտորդներն առանձնակի շեշտեցին, որ ընտրատեղամասերում, ինչպես նաև ԿԸՀ արձանագրությունները հանձնելիս արդյունքների կեղծման դեպքեր չեն եղել: Դիտորդները եղել են 52 ընտրատեղամասում:

Առաքելությունը նաև գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամ, որ ընտրական գործընթացի ժամանակ ոչ մի անկարգություն տեղի չի ունեցել, ոչ ոք չի փորձել ձախողել քվեարկությունը կամ արդյունքների ամփոփումը:

Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը, որը հավաքել է 47 085 ձայն կամ քվեների 66,7 տոկոսը:

Սահակյանի գլխավոր մրցակից, Արցախի Աժ պատգամավոր, ԼՂՀ Պն նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 966 ձայն կամ 32,5 տոկոս:

Հայաստանի Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն կամ քվեների 0,8 տոկոսը:

2007թ. նախագահական ընտրություններում Բակո Սահակյանը հավաքել էր ձայների 85,12 տոկոսը: