«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Վրաստանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, թե իրենք չեն ընդունում Արցախի Հանրապետությունում անցկացված ընտությունները և պաշտպանում են Ադրբեջանի ինքնիշխանությունը, պարտավորված քայլ է, քանի որ վրացական իշխանությունները պարտավոր են նման դիրք ընդունել` կապված իրենց քաղաքական խնդիրների հետ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին ասաց քաղաքագետը` նշելով. «Վրաստանը լուրջ խնդիրներ ունի կապված Աբխազիայի և Օսեթիայի հետ և դրա հետ կապված վրացական իշխանությունները պետք է նման վերաբերմունք ցուցաբերեին այս հարցում, նրանք պարզապես պարտավոր են նման դիրքորոշում որդեգրել կապված իրենց քաղաքական խնդիրների հետ, ինչպես ասում են հայտնի ֆիլմում` ոչ մի անձնական բան»:
Ըստ Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը, որը հավաքել է 47 085 ձայն կամ քվեների 66,7 տոկոսը:
Սահակյանի գլխավոր մրցակից, Արցախի Աժ պատգամավոր, ԼՂՀ Պն նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 966 ձայն կամ 32,5 տոկոս:
Հայաստանի Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն կամ քվեների 0,8 տոկոսը: