20 հուլիսի 2012 - 13:53 AMT
Ամերիաբանկն ամփոփել է 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքները

Առաջին կիսամյակի արդյունքներով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին հաջողվել է կատարել իր առջև դրած խնդիրները՝ ապահովել աճի այնպիսի տեմպեր, որոնք թույլ կտան բանկին դուրս գալ առաջատար դիրքերի Հայաստանի ֆինանսական շուկայում: Այդ մասին հուլիսի 20-ին տեղի ունեցած մամլո ասուլիսւոմ հայտարարել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը՝ ամփոփելով բանկի գործունեության արդյունքներն առաջին կիսամյակում: «Բանկի ակտիվները տարեկան կտրվածքով աճել են 10 տոկոսով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 25 տոկոսով , ակտիվները կազմել են 222 մլրդ դրամ: Այդ ցուցանիշով բանկը երկրորդ տեղում է բանկային համակարգում»,-ասել է նա:

Իր հերթին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն Գևորգ Թարումյանը հավելեց, որ բանկի շահույթը հարկումից առաջ և հարկումից հետո տարեկան կտրվածքով ավելացել է 58 տոկոսով: «Եթե 2011թ. առաջին կիսամյակում մենք վեցերորդ տեղում էինք, ապա այսօր արդեն մենք 2-րդ տեղում ենք համակարգում»,-ասել է նա: Բանկիրը հավելել է, որ ընդհանուր առմամբ բոլոր ցուցանիշներով բանկը առաջատար դիրքերում է և ընդգրկված է Հայաստանի լավագույն բանկերի եռյակում»,- Ինչպես ասել է Գևորգ Թարումյանը, բանկի վարկային ներդրումներն այս կիսամյակում նախորդի համեմատ ավելացել են 32 տոկոսով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 12 տոկոսով: Հաճախորդներից ներգրավված միջոցները տարեկան կտրվածքով ավելացել են 27 տոկոսով, իսկ առաջին վեց ամսվա արդյունքում՝ 15 տոկոսով:

Ինչ վերաբերում է բանկի գործունեությանը, ապա, ըստ Տիգրան Ջրբաշյանի, բանկը մտադիր է գերակատարել ծրագրային ցուցանիշները միջինը 30 տոկոսով ընթացիկ տարվա ավարտին: