23 հուլիսի 2012 - 20:01 AMT
150 ուսուցիչներ մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և «Վորլդ Վիժնի» վերապատրաստման դասընթացին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը «Վորլդ Վիժն» միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հուլիսի 16-21 Ծաղկաձորի Գրողների տանն անցկացրեց կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթաց:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունից, ծրագրում ընդգրկված էին շուրջ 150 ուսուցիչներ հայաստանյան բոլոր թեմերից:

Դասընթացի մեկնարկին բացման խոսքով հանդես եկան Մայր Աթոռի ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը և «Վորլդ Վիժնի» հայաստանյան գրասենյակի` ՀՀ կառավարության և Եկեղեցու հետ կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանը, ովքեր, երկուստեք կարևորելով կառույցների արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնեցին, որ այն շարունակական և առավել ընդգրկուն կլինի:

Դասընթացի օրակարգում ընդգրկված էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանաբանության, Սուրբ Գրքի և եկեղեցաբանական տարաբնույթ հարցերի վերաբերյալ դասախոսություններ, որոնք ներկայացվեցին ինչպես հոգևորականների, այնպես էլ աշխարհական մասնագետ բանախոսների կողմից:

Առաջին անգամ դասընթացի շրջանակներում Արարատյան Հայրապետական և Արմավիրի թեմերի ուսուցիչները ներկայացրեցին օրինակելի դասեր, որոնց հետևեցին մեթոդական քննարկումներ:

Դասընթացի ավարտին ուսուցիչները Կեչառիսի վանքում մասնակցեցին ուխտի Ս. Պատարագին: