24 հուլիսի 2012 - 15:59 AMT
Ստեփան Սաֆարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի շանսերի մասին. Մեր հանրությունը չի սիրում պարտված քաղաքական գործիչների

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը մեկնաբանել է այն հարցը, թե ընդդիմության առաջնորդներից ով է ավելի խարիզմատիկ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը թե Լևոն Տեր-Պետրոսյանը: «Իրականում նրանցից ոչ մեկը չի կորցրել իր այդ հատկությունը կամ չի ավելացրել այն: Այս դեպքում ուզենք, թե չուզենք, հայ հանրությունը չի սիրում պարտված քաղաքական գործիչների»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Ըստ Սաֆարյանի, «հայ հանրությունը կարող է ցավակցել, սատարել հալածվողին, սակայն պարտվածին չի սիրում, և վերջին 20 տարվա քաղաքական զարգացումը ցույց է տալիս, որ հայ հանրությունը ցանկացած քաղաքական գործչի միայն մեկ շանս է տալիս մեկ ընտրական շրջանում»:

Սաֆարյանը հիշեցրել է Հայաստանում վերջին նախագահական ընտրությունների արդյունքներն ու նշել, որ դեռ ոչ մի անգամ նույն քաղաքական գործիչը նույն հաջողությունը չի ունեցել նաև հաջորդ ընտրությունների ժամանակ: Նա նշել է, որ «հազիվ թե հայ հանրությունը որոշի ևս մեկ անգամ որպես ֆավորիտ դիտարկել Տեր-Պետրոսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում»: