25 հուլիսի 2012 - 14:25 AMT
Հայաստանում մշակվում է հեղինակային իրավունքները պաշտպանող «Թվինինգ» ծրագիրը

Հայաստանում միջազգային կառույցների հետ համատեղ մշակվում է հեղինակային իրավունքները պաշտպանող «Թվինինգ» ծրագիրը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը: Նրա խոսքով, այդ ծրագրով նախատեսվում են բազմապիսի միջոցառումներ, որոնց նպատակն է խախտված իրավունքների վերականգնումը: Ներսիսյանի կարծիքով անհրաժեշտ է նաև ակտիվացնել հայ հեղինակներին, ովքեր նույնպես պետք է պայքարեն իրենց իրավունքների համար:

Իրավաբան Ստեփան Խզրթյանը ներկայացրեց մի մոդել, որը կօգնի կայքերից անվճար կերպով օրինական երաժշտություն ներբեռնել: Նա առաջարկում է, որպեսզի երգը ներբեռնելուց առաջ տեղադրվի փոքրիկ գովազդ, որը դիտելուց հետո նոր հնարավոր կլինի ներբեռնել երաժշտությունը: Փոխարենը գովազդի տեղադրումից հեղինակը կստանա գումար: Ըստ իրավաբանի, արդյունքում հայերը կներբեռնեն որակյալ, անվճար ստեղծագործություն, և օրենքի սահմաններում:

Հայտնի ռեփեր Հ.Տ. Հայկոն շատ դրական է համարում այդ գաղափարը, նշելով, որ Հայաստանում չկա օրինական ներբեռնելու կուլտուրա, քանի որ դրա համար անհրաժեշտ է գումար մուծել:

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Արման Աթոյանը նշեց, որ հեղինակային իրավունքների խախտումը միայն Հայաստանում չէ կատարվում և ամբողջ աշխարհում կիրառվում են նորարարական տեխնոլոգիաներ դա կանխելու համար: