26 հուլիսի 2012 - 11:35 AMT
Սերժ Սարգսյան. Հավատում եմ, որ օլիմպիականները կարդարացնեն սպասելիքները և նոր նվաճումներով կվերադառնան

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը իր ուղերձն է հղել Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկներին:

«Համոզված եմ , որ պատվով կներկայացնեք մեր երկիրը, ազնիվ մրցակցություն կծավալեք մրցասպարեզներում, լիովին կդրսևորեք ձեր վարպետությունը, հմտությունները ու պատվով կպաշտպանեք Հայաստանի մարզական դրոշի պատիվը»,- ասված է ուղերձում:

Նախագահը նշել է, որ օլիմպիականների մրցելույթներին ուշադրությամբ հետևելու են Հայաստանն ու սփյուռքը. «Հավատում եմ , որ կարդարացնեք սպասելիքները, նոր նվաճումներով կհարստացնեք Օլիմպիական խաղերի հայաստանցի չեմպիոնների և մրցանակակիրների շարքը և ձեր արժանի տեղը կգտնեք հայրենական սպորտի պատմագրքում: Անձամբ եմ հետևելու Օլիմպիադայի ընթացքին, լինելու եմ հայ մարզիկների ջերմեռանդ երկրպագուներից մեկը: Ավելին, ցանկանում եմ լինել ձեր հաղթանակների ականատեսը, որպեսզի միասին ապրենք հաջողությունների բերկրանքը»: