26 հուլիսի 2012 - 19:08 AMT
Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանը Հայաստանում է

Հուլիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանին և նրա ընտանիքի անդամներին:

Խոստմանը հավատարիմ` ամեն տարի Մարսելի փոխքաղաքապետը ողջ ընտանիքի ամառային արձակուրդը կազմակերպում է Հայաստանում: Այս տարի նրանք ընդլայնել են այցելությունների շրջանակը` ընդգրկելով նաև Արցախը:

Նախարարը ողջունեց ներկաներին` բարձր գնահատելով ֆրանսահայերի և մասնավորապես Ֆրանսիայի Սենատի պատգամավորների ջանքերը Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագիծը Սենատի քվեարկությանը դնելու համար:

Նախարարը կարևորեց Ֆրանսիայի նախագահի պատրաստակամությունը նախընտրական խոստմանը հավատարիմ մնալու` հույս հայտնելով, որ մոտ ապագայում Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող նոր օրինագիծ կդրվի Սենատի քվեարկությանը:

Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանը շնորհակալություն հայտնեց Հակոբյանին հայապահպան գործունեության համար` առանձնացնելով հատկապես «Արի տուն» ծրագիրը, որով հարյուրավոր ֆրանսիահայ երիտասարդներ ճանաչում և սիրում են հայրենիքը` կապվելով նրան ամրաամուր թելերով, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը: