27 հուլիսի 2012 - 12:23 AMT
Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Սիրահարների այգում կանցկացնի Օլիմպիադային նվիրված միջոցառում

Այս գիշեր ամբողջ աշխարհի ուշադրությունն ու հայացքն ուղղված կլինի դեպի Լոնդոն, ուր պատմության մեջ արդեն երրորդ անգամ կմեկնարկեն ամառային Օլիմպիական խաղերը:

205 երկրների մոտ 15,000 մարզիկներ և միլիոնավոր մարդիկ հավաքվել են Լոնդոնում՝ մասնակցելու 30-րդ Օլիմպիադայի բացման արարողությանը և դրան հաջորդող մարզական միջոցառումներին, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան մումուլի ծառայությունից:

Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը կնշի այս գեղեցիկ իրադարձությունը Սիրահարների այգում այսօր ժամը 23:00-ին: Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար: Մասնակիցները կլսեն դիջեյ Հակոբի կողմից հատուկ պատրաստված բրիտանական երաժշտության լավագույն ընտրանին, իսկ ուղիղ ժամը 24:00-ին այգում տեղադրված մեծ էկրանի միջոցով կմիանան Լոնդոն ու կդիտեն Օլիմպիական խաղերի մեկնարկը:

Սրանով սկսվում է Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի կապակցությամբ Բրիտանական դեսպանատան կողմից նախատեսված միջոցառումների երկրորդ շրջանը:

Շաբաթ օրը՝ հուլիսի 28-ին Միացյալ թագավորության դեսպան Ջոնաթան Էյսը կայցելի Երևանի ծննդատներից մեկը և հատուկ Օլիմպիական նվերներ կմատուցի խաղերի բացման ժամին ծնված երեխաներին: Հուլիս 30-ին արդեն Կապանում դեսպան Էյվսը նվերներ կհանձնի Օլիմպիադայի բացման օրը լույս աշխարհ եկած նորածիններին:

Օգոստոսին ևս Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպանատունն իր գործընկերների հետ նախատեսում է անցկացնել մի շարք միջոցառումներ՝ Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի կապակցությամբ:

Երևանում Բրիտանական դեսպանատունը շարունակելու է իր հետաքրքիր նախաձեռնությունների շարքը: