29 հուլիսի 2012 - 17:07 AMT
«Ագուլիս» ցուցահանդեսը կբացի ժամանակակից արվեստի հավաքածուների IV մոսկովյան փառատոնը

Օգոստոսի 1-ից Մոսկվայում կբացվի Ռուսաստանի ժամանակակից արվեստի հավաքածուների IV փառատոնը, որի կազմակերպիչը ԺԱՊԿ-ն է (Ժամանակակից արվեստի պետական կենտրոն):

Հեղինակավոր փառատոնի համակազմակերպիչը Գայանե Խաչատրյանի միջազգային հիմնադրամն է, որի նախագահը հավաքորդ, ցուցահանդեսային նախագծերի համադրող Վալերի Խանուկաևն է:

Ինչպես հաղորդում է NovostiNK-ն, Վալերի Խանուկաևի խոսքով, այս տարի փառատոնը կբացվի «Ագուլիս» ցուցահանդեսով՝ նվիրված Գայանե Խաչատրյանի ստեղծագործությանը: Ցուցադրության մեջ կենտրոնական տեղը զբաղեցնում են Գայանե Խաչատրյանի տարբեր շրջանների գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները:

Նախագծում ներկայացված է նաև հայտնի թատերական լուսանկարիչ Վիկտոր Բաժենովի լուսանկարչական ցուցադրությունը՝ նվիրված Գայանեի ստեղծագործական կապերին Սերգեյ Փարաջանովի, Ֆեդերիկո Ֆելինիի, Անդրեյ Տարկովսկու հետ: Ցուցադրության մեջ առանձնահատուկ տեղ ունի «Ագուլիս» վիզուալ-ակուստիկ ինստալյացիան, որը ստեղծվել է ստեղծագործական խմբի՝ Վլադիմիր Մարտինովի, Վլադիմիր Սմոլյարի, Ալեքսանդր Պետայի, Վալերի Խանուկաևի, Միխայիլ Բուտովի, Վյաչեսլավ Կալիկայի, Մարկ Սիրգույի և Էմանուել Գալինի կողմից: