10 օգոստոսի 2012 - 16:29 AMT
Ադրբեջանցի փախստականները պահանջում են իրենց վերադարձնել Հայաստան կամ սպառնում դիմել ինքնահրկիզման

Չնայած Ադրբեջանի բարգավաճման մասին ադրբեջանական իշխանությունների ողջ քարոզչությանը և այն հայտարարություններին, որ Հայաստանում կյանքն ավելի վատ է, իրենք` ադրբեջանցիները, այդքան էլ չեն ցանկանում հավատալ այդ հեքիաթներին: Դրա վառ ապացույցն են դարձել Ռասուլզադե գյուղի բնակիչների դեմ բողոքի ակցիաները, որոնց մասին հաղորդում է contact.az-ը:

Ռասուլզադե գյուղում բնակվող 61 ընտանիքներ անօթևան են մնում: Պատճառը Զիա Բունյաթովի պողոտայի ընդլայնումն է նշված ընտանիքների տները քանդելու հաշվին:

Բնակիչները բողոքի տարբեր ակցիաներ են կազմակերպել, որոնք աննկատ են մնացել: Օրերս բնակիչներին ընդունել է Բինագադինյան շրջանի ղեկավարությունը և առաջարկել նրանց փոխհատուցում: Սակայն բնակիչները, ովքեր հիմնակում Հայաստանից փախստականներ են, հայտարարել են, որ առաջարկվող փոխհատուցումը բավարար չէ:

Նրանք երեկ և այսօր փորձել են փակել Զիա Բունյաթովի պողոտան: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ջոկատները: Բնակիչները հայտարարել են, որ բոլոր միջոցներին կդիմեն փոխհատուցման գումարն ավելացնելու համար:

«Օբյեկտիվ ՏՎ» հեռուստաալիքի ռեպորտաժում բողոքող կանանց խումբը սպառնում է վառել իրենց տներն ընտանիքների հետ միասին կամ պահանջում վերադարձնել իրենց Հայաստան: Տուժած տատիկներից մեկը հայտարարել է, որ նրան կամ պետք է վերադարձնեն Հայաստան կամ նոր տուն տան: Մեկ այլ կին սպառնում է հրկիզել իրեն կամ ետ վերադառնալ Հայաստան, որտեղ նա մարդավայել վերաբերմունքի կարժանանա: