13 օգոստոսի 2012 - 12:34 AMT
Երևանում զբոսաշրջային ծրագիր է կազմակերպվել սիրիահայ մանուկների և պատանիների համար

Հայաստանյան ճամբարներում հանգստացող շուրջ 130 սիրիահայ մանուկների և պատանիների համար կազմակերպվել է «Երևան Սիթի Տուր» երկժամանոց զբոսաշրջային ծրագիր: Այն կազմակերպվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի կողմից:

Ծրագրի մեկնարկը տրվել է Հանրապետության հրապարակից և անցնելով սահմանված երթուղով, սիրիահայ մանուկներին և պատանիներին հնարավորություն է ընձեռել ծանոթանալ Երևանի տեսարժան վայրերին և, ընդհանրապես, մայրաքաղաքին` համաժամանակյա ներկայացնելով նրանց նաև երևանյան հուշարձանների և քաղաքի պատմությունը:

Տեսածով և լսածով տպավորված, սիրիահայ մանուկներն ու պատանիները զբոսաշրջային ծրագրի ավարտին իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին` Երևանին ծանոթանալու բացառիկ հնարավորության ընձեռման համար, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն: