13 օգոստոսի 2012 - 14:24 AMT
Թուրքիան ավելի կակտիվանա սիրիական հարցում, ընդհուպ մինչև ռազմական միջամտություն, կարծում է Ռ. Սաֆրաստյանը

Թուրքիան ավելի կակտիվանա սիրիական հարցում և բացառված չէ, որ կդիմի ռազմական միջամտության, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, Թուրքիան հիմա լրջորեն վերլուծում է իր քաղաքականությունը Սիրիայի հարցում, որն Անկարային տարածաշրջանում գերիշխող ուժ դարձնելու փոխարեն ակտիվացրել է քրդական հարցը:

Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիան հիմա երկու ուղի ունի` կամ աստիճանաբար նվազեցնել իր ակտիվությունը սիրիական հարցում, աջակցել ապստամբներին կամ ավելի շատ ակտիվանալ, մոտենալ ռազմական գործողություններ սկսելուն: «Իմ կարծիքով, թուրքական վերնախավը, եթե հաշվի առնել վերջին տարիների նրա քաղաքականությունը, կդիմի երկրորդ ուղուն: Հազիվ թե Թուրքիան հրաժարվի վերջին տարվա իր գործողություններից, որոնք հանգեցրել են Սիրիայում իրավիճակի նման սրման»,- նշել է նա:

Այդ առումով փորձագետը նշել է, որ Թուրքիան շատ բացասական դեր է խաղացել սիրիական իրադարձություններում: Սաֆրաստյանը նաև նշել է, որ Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի վերաբերյալ հանգեցրել է նրա հարևան երկրների, մասնավորապես Իրանի հետ հարաբերությունների վատթարացման: Որպես օրինակ նա բերել է Թուրքիայում իրանական պատվիրակության խոսքերը, որն Անկարայի քաղաքականությունը բնութագրել է որպես օգնություն Արևմուտքին: