19 հունվարի 2005 - 21:10 AMT
«ԿՎՃԱՐԵ՞Ն ՓՈՒԹԻՆԻՆ». ՀՈԴՎԱԾ «ՀԱՅՐԵՆԻՔ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹՈՒՄ
ՀՅԴ «Դաշնակցության» Արեւելյան ԱՄՆ-ի կենտրոնական կոմիտեի «Հայրենիք» պաշտոնաթերթը հրապարակել է հոդված «Կվճարե՞ն Փութինին» վերնագրի ներքո` նվիրված ռուս-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին, զուգահեռներ տանելով «Ո՞վ վճարեց Լենինին» վավերագրական ֆիլմի հետ:

«Հայ ժողովուրդը ծանօթ է արդէն «թրքական սալի ու ռուսական մուրճի միջեւ» իր ճաշակած դառնութեան եւ այդ դառնութիւնը կայժմէանայ ու կը վերանորոգուի ամէն անգամ, որ պատմութիւնը ինքզինք կրկնելու միտումներ ցոյց կու տայ»: Անդրադառնալով Վ. Պուտինի` Թուրքիա կատարած եւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Մոսկվա կատարած այցելություններին` հեղինակը գտնում է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների ջերմացումն աճելու լուրջ միտումներ ունի: Մասնավորապես հիշատակված է Էրդողանի խոստումը, թե Թուրքիան լիակատար աջակցություն կցուցաբերի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցելուն եւ ապրիլին համատեղ զորավարժությունների անցկացմանը: Հոդվածը հիշեցնում է նաեւ Պուտինի այն խոսքերը, որ երկու երկիրները կրկին կարող են հասնել Աթաթյուրքի օրոք հաստատված բարեկամական մթնոլորտին: «Այցելությունների ջերմությունը վեր էր սպասվածից», եզրափակում է հեղինակը: