18 օգոստոսի 2012 - 11:23 AMT
«Առավոտ». Տավուշի մարզպետի եղբորը տուգանել են

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի աշխատասենյակում օգոստոսի 14-ին կայացել է վարչական վարույթի նիստ, որի ընթացքում նշվել է, որ քաղաքային շուկայի առջեւի մայթին, հետիոտների անցման տեղում առեւտուր կազմակերպելն անթույլատրելի է: Չնայած շուկայի տնօրինությունը նիստի մասին քաղաքապետարանի կողմից պատշաճ կերպով ծանուցվել էր, սակայն դրան չէր մասնակցում: Այդ մասին գրում է «Առավոտը»:

«Իջեւանի քաղաքապետը որոշել է ոչ սահմանված վայրում առեւտուր կատարելու համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով Իջեւանի շուկայի տնօրինությանը տուգանել 30 հազար դրամի չափով: Քաղաքապետն ասել է, որ մոտ 10 անգամ իրենք զգուշացրել են շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանին, որ նշված տեղում, մայթի վրա առեւտուր չկազմակերպեն: Քաղաքապետի վկայությամբ` շուկայի առջեւի մայթին առեւտուրն արգելելու համար իրենք բազմիցս դիմել են Իջեւանի ոստիկանություն:

Մինչդեռ Իջևանի շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանը նույնպես դեմ է, որ Իջեւանի կենցաղի տան հարեւանությամբ գյուղատնտեսական մթերքների բացօթյա առեւտուր կատարվի, Գ. Օհանյանը դա համարում է հակասանիտարական:

Հիշեցնենք, որ շուկայի տարածքում ապօրինի կառուցապատման համար Իջեւանի քաքաքապետարանը շուկայի տնօրինությանը տուգանել է 200 հազար դրամի չափով: Իջեւանի շուկայի 3 փայատերերից մեկը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի եղբայր Աշոտ Ղուլարյանն է»,- գրում է թերթը: