Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի երկրորդ մարզիչ Սամվել Գևորգյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք մինչև Օլիմպիական խաղերին էլ համոզված էին, որ մեդալներով են վերադառնալու:
«Մեր թիմն իսկապես շատ պատրաստված և ուժեղ է: Ճիշտն ասած, մենք ոսկե մեդալներ էինք սպասում, սակայն ինչ-որ բան չհերիքեց ու հիմա աշխատելու ենք այն բոլոր սխալների վրա, որոնք թույլ ենք տվել: Գիտեք, բարդ էր մեզ համար ոսկե մեդալ բաց թողնելը, սակայն Օլիմպիական թե արծաթե և թե բրոնզե մեդալները ևս մեծ պատիվ են»,- ասաց Գևորգյանը:
Նշենք, որ Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտից արծաթե մեդալի էր արժանացել Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), իսկ բրոնզե մեդալակիր էր դարձել Արթուր Ալեքսանյանը (96 կգ):
Սամվել Գևորգյանը նշեց, որ նոյեմբերին կկայանա Հայաստանի առաջնությունը, որից էլ կձավորվի հավաքականը:
«Մեր Ռոման Ամոյանը և Յուրի Պատրիկեևը շարունակում են մարզվել, ու նրանք էլ կմասնակցեն առաջնությանը:
Միգուցե Յուրան մի որոշ ժամանակ կհանգստանա, բայց նորից կվերադառնա ու կպատրաստվի արդեն հաջորդ Օլիմպիադային»,- շարունակեց մարզիչը:
Տարվա վերջին ըմբիշները կմասնակցեն նաև Եվրոպայի թիմային առաջնությանը, ու արդեն մյուս տարվա սկզբին արդեն ելույթ կունենան Եվրոպայի առաջնությանը: