Ջոն Լենոնի մարդասպան Մարկ Դևիդ Չեփմենը կրկին դատարան է դիմել իրեն վաղաժամ ազատ արձակելու հայցով: Ինչպես հայտնում է BBC-ն, դատարանի պատասխանը պարզ կդառնա այս շաբաթվա վերջին: Այդ մասին հայտնել է բանտի մամլո խոսնակը:
Չեփմենի հայցի վերաբերյալ լսումները տեղի կունենան Ուենդի ուղղիչ հիմնարկում, որը Նյու Յորքի ամենախիստ հսկվող բանտն է, և որտեղ իր ազատազրկումն է անցկացնում մարդասպանը: Նա «Ատտիկա» բանտից այդ հիմնարկ է տեղափոխվել այս տարվա մայիսին, սակայն տեղափոխման պատճառները չեն հրապարակվել:
Մարկ Դևիդ Չեփմենը նախկին «բիթլ» Ջոն Լենոնին սպանել է 1980թ. դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում նրա առանձնատան մուտքի մոտ` արձակելով 5 կրակոց, որոնցից 4-ը դիպել են երաժշտի մարմնին: 25 րոպե անց Լենոնը մահացել է հիվանդանոցում:
Չեփմենը ցմահ ազատազրկման է դատապարտվել, իսկ սկսած 2000 թվականից իրավունք ունի երկու տարին մեկ դիմել վաղաժամ ազատ արձակվելու հայցով: Նա անշեղորեն օգտվում է այդ իրավունքից և ամեն անգամ մերժում է ստանում: Այս փորձն արդեն յոթերորդն է:
Ջոն Լենոնի կինը` Յոկո Օնոն այն մարդկանց թվում է, ովքեր խնդրում են Նյու Յորքի պաշտոնյաներին բանտախցում պահել Չեփմենին` պնդելով, թե վախենում է իր սեփական և երկու որդիների կյանքի համար: