20 օգոստոսի 2012 - 14:41 AMT
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Քիչ հավանական է, որ Թուրքիան միջամտի սիրիական հակամարտությանը

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը քիչ հավանական է համարում Թուրքիայի ռազմական միջամտությունը սիրիական հակամարտությանը` նպատակ ունենալով աջակցել ապստամբներին: Նրա խոսքով, Թուրքիան կարող է ներխուժել Սիրիայի տարածք միայն Քրդական աշխատանքային կուսակցության գործունեությունը դադարեցնելու պատրվակով:

«Չեմ կարծում, որ Սիրիայի տարածքը կարող է Թուրքիայի համար ռազմական գործողությունների հարթակ դառնալ ապստամբներին աջակցելու առումով: Եթե դա լինի, ապա միայն քրդական խնդրի համատեքստում, դրա պատրվակով»,- հայտարարել է Տեր-Մաթևոսյանը Երևանում մամլո ասուլիսում:

Փորձագետը նաև նշել է, որ Թուրքիայում շատերը քննադատում են սիրիական հարցում ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի քաղաքականությունը, համարելով, որ հենց նրա սխալների պատճառով իրական է դարձել Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծման հնարավորությունը: