Երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ հավաք-խորհրդակցություն, որին մասնակցում էին Հայաստանում գտնվող 100-ից ավելի սիրիահայեր և սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց կատարված աշխատանքների մասին, նշեց օրախնդիր հարցերը: Նախարարն ընդգծեց, որ սիրիահայերի հարցերով նախորդ օրը կայացած խորհրդակցության ընթացքում արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ, նշվել առանձին խնդիրների լուծման ուղիներ:
ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ սիրիահայերն իրենց ակտիվ մասնակցությամբ մեծապես օգնում են հասունացած խնդիիրների վերհանմանը, դրանց լուծումների համար ճանապարհներ գտնելուն եւ աշխատանքները հնարավորինս արդյունավետ կազմակերպելուն:
Հարցերի մեջ, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, առավել մեծ տեղ էին զբաղեցնում երեխաներին դպրոցներ տեղավորելու եւ կրթական բնույթի հարցերը, որոնց պատասխանեցին Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և ԿԳՆ ներկայացուցիչը: Սիրիրահայերը մտահոգ էին մասնավորապես դասավանդման լեզվի` արեւելահայերենի հնարավոր դժվարություններ հարուցելու հարցով:
Կանխելով մտահոգությունը` նախարար Հակոբյանը նշեց, որ Շահումյանի անվան դպրոցում սիրիահայ երեխաների համար անցկացվում են արեւելահայերենի ուսուցման արագացված դասընթացներ, որին արդեն իսկ մասնակցել է շուրջ 50 երեխա:
Հ.Հակոբյանը մանրամասն ներկայացրեց նաև սիրիահայ դիմորդների` ատեստատների բացակայության դեպքում պաշտոնական փաստաթղթով անձնական գործերի ընդունման հարցը, դիպլոմների նույնականացման, բուհերի վարձավճարների զեղչման և զիջման տարբերակները, մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների ընդունելության, սիրիական ծրագրով դասարանների բացմանն ու ուսուցմանն առնչվող հարցեր:
Հանդիպման արդյունքում ստեղծվեց սիրիահայերից բաղկացած աշխատանքային խումբ, որը սփյուռքի նախարարությանը կօգնի սիրիահայերի հետ տարվող աշխատանքներում: