24 օգոստոսի 2012 - 17:52 AMT
Հայ ուսանողներին Շվեյցարիայում սովորելու համար կրթաթոշակ է հատկացվել

Շվեյցարիայի Համադաշնության Օտարերկրյա ուսանողների կրթաթոշակների տրամադրման դաշնային հանձնաժողովը 2013-2014թթ. ուսումնական տարվա համար կրթաթոշակ հատկացնել ՀՀ քաղաքացիներին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից, կրթաթոշակները տրամադրվելու են Շվեյցարիայի համալսարաններում, գիտահետազոտական ինստիտուտներում ասպիրանտրական և դոկտորական ուսումնառության համար:

Ասպիրանտուրայում սովորելու համար սահմանված ժամկետը 12 ամիս է` ամսական 1.920 շվեյցարական ֆրանկ կրթաթոշակով, իսկ դոկտորանտուրայում` 3 տարի, որի ընթացքում ամսական տրամադրվելու է 3.500 շվեյցարական ֆրանկ: Շվեյցարական կողմը հոգում է ուսման, առողջապահական ապահովագրության ծախսերը և կեցության որոշ ծախսեր:

Առաջին դեպքում դիմել կարող են մինչև 35 տարեկան, իսկ երկրորդ դեպքում` ասպիրանտուրան վերջին 5 տարիների ընթացքում ավարտած ՀՀ քաղաքացիները:

Դիմումաթերթիկները հասանելի են «Լույս» հիմնադրամի գրասենյակում, ուր մինչև այս տարվա նոյեմբերի 15-ը պետք է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: