25 օգոստոսի 2012 - 13:44 AMT
Սարգիս Գրիգորյան. Սիրիայի ընդդիմության անունից տարածված հայտարարությունը սադրանք է

Սիրիայի ընդդիմության անունից տարածված հայտարարությունը սադրանք է: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը: «Ինչպես գիտենք, ընդդիմությունը Սիրիայի հայ համայնքին սպառնացող հայտարարության տարածումից կարճ ժամանակ անց հերքեց, որ հայտարարության հեղինակն ինքն է: Տարածողը կարող են լինել երկրի իշխանությունները, որպեսզի ինչպես հայ համայնքին, այնպես էլ այլ ազգային փոքրամասնություններին իրենց կողմը գրավեն: Մյուս կողմից չի բացառվում նաև արտաքին ուժի, մասնավորապես Թուրքիայի մասնակցությունն այդ սադրանքին` երկրի ներսում տիրող իրադրությունն առավել սրելու նպատակով»,- նկատեց նա:

Արաբագետի խոսքով` արևմտյան երկրները ակտիվորեն չեն միջամտում, քանի որ դեռևս ժամանակը չէ. նրանք սպասում են իրավիճակի առավել սրմանը: «Ինչ վերաբերում է Սիրիայի հայ համայնքին, ապա այն շատ կազմակերպված է և, ամենայն հավանականությամբ, դժվար թե պառակտվի, երբ քաղաքական հակամարտությունն ավարտվի: Բայց պետք է նշեմ, որ սիրիահայ համայնքը, մեծ թիվ կազմելով երկրի երկու խոշորագույն քաղաքներում` Դամասկոսում և Հալեպում, մշտապես հակամարտող կողմերի ուշադրության կենտրոնում է լինելու: Համայնքը չեզոքություն է պահպանում, սակայն իշխանությունն ու ընդդիմությունը պարբերաբար փորձելու են յուրաքանչյուրն իրենց կողմը գրավել բնակչության այդ հատվածին»,- նշեց Գրիգորյանը: