26 օգոստոսի 2012 - 11:04 AMT
Հալեպում իրավիճակը գնալով սրվում է. վաղ առավոտյան հայկական ծերանոցի մոտ ռումբ է պայթել

Հալեպում իրավիճակը գնալով ավելի է սրվում: Այսօր վաղ առավոտյան Հալեպի Բոստան Փաշա թաղամասում գտնվող հայկական ծերանոցի մոտ ռումբ է պայթել:

Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց գրող-հրապարակախոս, ֆեյսբուքյան «Սիրիահայերի աջակցության և օգնության էջ» անկախ նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը: Ըստ նախնական տեղեկությունների` կան վիրավորներ հարակից շենքերի բնակիչների շրջանում: Բարաբխտաբար, ծերանոցում մարդ չի եղել, քանի որ օրեր առաջ ծերանոցի բնակիչներին տարհանել էին: Բոստան Փաշա շրջանը թեև հայկական չէ, սակայն այստեղ կան հայկական խանութներ:

Նոր գյուղի և Բոստան Փաշայի փողոցներում ամբողջ գիշեր պայթյուններ են որոտացել: Կրակոցներն ու պայթյունները չեն լռել նաև հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում: Այստեղ մոտ կես ժամ փոխհրաձգություն է տեղի ունեցել:

Երեկ Մայսալունի շրջանից հայկական Սուլեյմանիե շրջանում է հաստատվել մի դիպուկահար, որը ժամեր շարունակ վախի մեջ է պահել անցորդներին: Դիպուկահարի թիրախը եղել է այս շրջանի քաղաքական ապահովության շենքը:

Հիշեցնենք, որ այս գիշեր Հալեպի հայկական Նոր գյուղ թաղամասում ռումբի պայթյունից մահացել է 1981թ. ծնված Ալինա Մխջյանը: