29 օգոստոսի 2012 - 12:12 AMT
Օլանդը փորձում է զատվե՞լ Հայոց ցեղասպանության թեման դասագրքերում ընդգրկելու որոշումից

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ոչ մի տեղեկություն չունի Ֆրանսիայի դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին պատմող բաժին ընդգրկելու մասին և նման հանձնարարություն չի տվել: Այդ մասին Օլանդը հայտարարել է թուրքական Hurriyet-ի թղթակցին Փարիզում օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ:

«Ես ոչ մի տեղեկություն չունեմ այդ մասին: Ես կուսումնասիրեմ այդ հարցը և ճգրիտ տեղեկություններ կտամ ձեզ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

Օրերս տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ըստ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի որոշման, պատմության և աշխարհագրության դասագրքերում կընդգրկվի նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող բաժին: Ինչպես գրել են թուրքական ԶԼՄ-ները, կրթության նախարարի այդ որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ Ֆրանսիայի ու Թուրքիայի հարաբերությունների վրա, որը նախագահ Օլանդի հետ մեծ հույս է կապում Փարիզի հետ հարաբերությունները վերականգնելու առումով:

Հայոց ցեղասպանության թեման ընդգրկված է նաև ֆրանսիական բուհերի համաշխարհային պատմության դասագրքերում:

Ի պատասխան Թուրքիայի կրթության նախարարության պաշտոնյաները հայտարարեցին, որ մտադիր են մանրակրկիտ կերպով ուսումանսիրել Հայոց ցեղասպանության մասին պատմող բաժինը «Թուրքիային վարկաբեկող պահերի» առումով՝ Ֆրանսիային դիվանագիտական պատասխան հղելուց առաջ: