31 օգոստոսի 2012 - 16:04 AMT
Հունգարիայի պետկառույցները հստակ չեն կարողանում ասել ադրբեջանցի մարդասպանն արտահանձնվել է, թե ոչ

Հունգարական պետկառույցները հստակ չեն կարողանում տեղեկություն տրամադրել հայ սպա Գուրգեն Մարգարյանի ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի մասին: Հիշեցնենք, որ ադրբեջանական մամուլում հաղորդագրություն է հայտնվել, որ Սաֆարովն արդեն արտահանձնվել է Ադրբեջանին: Ավելին, «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագրով ներում է շնորհել Սաֆարովին»:

PanARMENIAN.Net-ի թղթակիցը փորձել է պարզել Հունգարիայի ԱԳՆ-ում և արդարադատության նախարարությունում, թե որքանով է համապատասխանում իրականությանը այդ հաղորդագրությունը: Սակայն բոլոր վարչություններում և բաժիններում գործակալության թղթակցին տարբեր հեռախոսահամարներ են տրամադրել, որոնց օգնությամբ, իբր, հնարավոր կլինի կապվել իրավիճակին տիրապետող մարդկանց հետ: Եվ այդպես յոթ անգամ: Արդյունքում բաժիններից մեկում նրան առաջարկեցին էլեկտրոնային հարցում ուղարկել, որի պատասխանը դեռ չի ստացվել: