Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ամենակայացածն է հետխորհրդային տարածքի բոլոր չճանաչված հանրապետություններից: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով ԼՂՀ Անկախության օրվան: «ԼՂՀ-ն հաղթեց պատերազմում, վերահսկում է տարածքը, ձևավորել է պետական ինստիտուտներ, ունի Սահմանադրություն, խորհրդարան, նախագահ»,-ասել է նա:
Ըստ նրա, ԼՂՀ-ն արդեն կայացել է որպես անկախ պետություն, և միջազգային ճանաչումից բացի, ունի անկախ պետությանը հատուկ բոլոր տարրերը:
Ինչ վերաբերում է հանրապտեւթյան խնդիրներին, ապա ըստ Իսկանդարյանի, բացի Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական բալանսի պահպանումից, ամենակարևորը շինարարության, տարածքների յուրացման, քաղաքների ու գյուղերի վերականգնման հարցերն են, ժողովրդագրական խնդիրները, քաղաքական համակարգի զարգացումը:
ԼՂՀ անկախությունը հռչակվեց 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի Ժողպատգամավորների շրջանային խորհրդի համատեղ նիստում՝ ԼՂԻՄ և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում: