3 սեպտեմբերի 2012 - 16:05 AMT
Շվեդիայի հայեր. Ադրբեջանն ուղղակի արհամարհեց հունգարական արդարադատությունը

Շվեդիայի հայկական ասոցիացիաների միության խորհուրդը նամակ է հղել Ստոկհոլմում Հունգարիայի դեսպանատանը՝ հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնման վերաբերյալ, որին հաջորդ իսկ օրը ներում շնորհվեց Ադրբեջանի նախագահի կողմից:

Նամակում մասնավորապես ասվում է. «Վերջին 24 ժամերին համաշխարհային ԶԼՄ-ները հայտնում են հայ սպայի մարդասպանին Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու մասին, որին Բաքվում դիմավորել են որպես հերոսի և ներում շնորհել նախագահի հրամանագրով: Ավելին նրան շնորհվել է մայորի կոչում, բնակարան է տրվել և վերջին 8 տարվա աշխատավարձը: Այս ամենը նշանակում է, որ Բուդապեշտում սպանություն կատարած ու դատապարտված Սաֆարովը այս ողջ ընթացքում դե-ֆակտո եղել է ադրբեջանական բանակի շարքերում: Ոչ մի երկրում մարդասպանին աշխատավարձ չեն վճարում և առաջ չեն քաշում: Իսկ Ադրբեջանն այդ քայլով բացահայտորեն արտոնում է հայերի սպանությունը հետագա պարգևատրմամբ: Ադրբեջանական ղեկավարության այդ քայլը ոչ միայն հերթական անգամ արտահայտեց ատելությունը հայերի հանդեպ, այլ նաև խախտեց ու արհամարհեց Հունգարիայի արդարադատության համակարգը, որը ԵՄ անդամ է: Հունգարիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Բաքուն պնդում է, թե Սաֆարովը, ըստ Ստրասբուրգի կոնվենցիայի, կշարունակի կրել պատիժը, սակայն, իրականում ամեն ինչ հակառակը եղավ:

Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը կցանկանար իմանալ, թե ինչպես է Շվեդիայի կառավարությունը մտադիր արձագանքել օրենքի ու պայմանավորվածությունների այս խախտմանն ու պահանջի Բաքվից հարգել օրենքը, որի շրջանակում Սաֆարովն արտահանձնվել է: Որոշ աղբյուրներ պնդում են, որ մինչ նրա արտահանձնումը Բաքուն ու Բուդապեշտը համաձայնության են եկել, որ Ադրբեջանը կգնի Հունգարիայի պետական պարտատոմսերը: Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ հունգարական կառավարությունը վեր է նման գործարքներից ու այդ լուրերը միայն ասեկոսեներ են: Մենք հուսով ենք, որ Շվեդիայի կառավարությունը, որպես 21 դարի եվրոպական ընկերակցության անդամ, հարգում է միջազգային օրենքն ու կդատապարտի Բաքվին արդարադատությունը, մարդկային արժեքներն ու Հունգարիայի հեղինակությունը անարգելու համար»: