3 սեպտեմբերի 2012 - 19:38 AMT
Բաքուն «գցել է» Հունգարիային. Ադրբեջանի նավթային ֆոնդը չի պատրաստվում գնել հունգարական պետական պարտատոմսերը

Ադրբեջանի ազգային նավթային հիմնադրամը չի ծրագրում ներդրումներ կատարել Հունգարիայի արժեթղթերում և այլ ֆինանսական համակարգերում: Նաման հայտարարություն է այսօր տարածել ԱՀՊՆԸ -ն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանին է արտահանձնվել վերջինիս կողմից 2-3 մլրդ արժողությամբ հունգարական պետական պարտատոմսերի ձեռքբերման դիմաց: ԱՀՊՆԸ -ում այս տեղեկատվությունը «կեղծ» են անվանել: Մինչ այդ ադրբեջանական աղբյուրները հաղորդել են, որ Սաֆարովն ազատ է արձակվել ինչ-որ «գործարքի» դիմաց, որը կնքվել է Հունգարիայի և Ադրբեջանի միջև:

Օրերս Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում և մայորի կոչում, բնակարան և 8 տարվա աշխատավարձ է շնորհվել երկրի նախագահի կողմից: Ի պատասխան դրան, Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչ այդ հունգարական կողմը հաղորդում է այն մասին, որ Ադրբեջանն ավելի վաղ երաշխավորել է, որ Սաֆարովի ցմահ ազատազրկման վերաբերյալ դատավճիռը կարող է փոփոխվել դատարանի միջոցով` դատավճիռը 25 տարի կրելուց հետո միայն: