4 սեպտեմբերի 2012 - 12:36 AMT
Հունգարացի դիվանագետն Ադրբեջանի գործողությունները խարդախություն է անվանել

Նորվեգիայի հայերը, ովքեր սեպտեմբերի 3-ին հավաքվել են Օսլոյում Հունգարիայի դեսպանատան մոտ, պահանջել են հունգարական կառավարությունից ներողություն խնդրել հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանի զինծառայող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու համար: Ներողությունների պահանջով նամակը հանձնվել է Հունագարիայի դեսպան Գեզա Եսենսկուն, ով հավաստիացրել է, որ այն կհանձնի կառավարությանը:

Ինչպես հաղորդում է Նորվեգիայի Հայկական մշակութային ասոցիացիան, դեսպան Եսենսկին ընդունել է բողոքի ակցիայի մասնակիցներից երկու պատվիրակների և նրանց հետ քննարկել ստեղծված իրավիճակը: Դիվանագետն աջակցություն է հայտնել հայ ժողովրդին և հայտարարել, որ հունգարական կառավարությունը հիասթափված է Ադրբեջանի գործողություններից, որոնք նա անվանել է «խարդախություն»:

Գեզա Եսենսկին նաև ցույց է տվել Ադրբեջանի արդարադատության փոխնախարարի նամակի պատճենը, որում երաշխիքներ են տրվել, որ Սաֆարովը կշարունակի պատիժ կրել հայրենիք տեղափոխվելուց հետո: Նա նաև հաղորդել է, որ Հունգարիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է հունգարական ԱԳՆ բացատրություններ տալու համար և նրան հանձնվել է բողոքի նոտա` նրա երկրի անազնիվ գործողությունների հետ կապված:

Օրերս Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում և մայորի կոչում, բնակարան և 8 տարվա աշխատավարձ է շնորհվել երկրի նախագահի կողմից: Ի պատասխան դրան, Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը հայտարարում է, որ Ադրբեջանն ավելի վաղ երաշխավորել է, որ Սաֆարովի ցմահ ազատազրկման վերաբերյալ դատավճիռը կարող է փոփոխվել դատարանի միջոցով` դատավճիռը 25 տարի կրելուց հետո միայն: