4 սեպտեմբերի 2012 - 15:37 AMT
Եվրոպացի մրցավարները Շվեյցարիայում անցկացնում են ավանդական ամառային հավաքը

Այս շաբաթ առաջատար եվրոպական մրցավարները մեկնելու են Շվեյցարիա մրցավարների ավանդական ամառային հավաքին մասնակցելու համար, որը կազմակերպվել է ՈՒԵՖԱ-ի կողմից:

Հանդիպումները, որոնք տեղի են ունենում Ժնևում և եվրոպական ֆուտբոլային միության Նյոնի կենտրոնակայանում, վաղուց դարձել են ՈՒԵՖԱ-ի օրացույցի անքակտելի մասը: Դրանց նպատակն է տարեց տարի օգնել մրցավարներին պատրաստվել ակումբների և հավաքականների համար ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի նոր սեզոնին:

Այս տարի հավաքին կմասնակցեն 22 էլիտային, 14 սկզբնական էլիտային և 55 առաջին կարգի մրցավարներ: Երկուշաբթիից չորեքշաբթի օրերին ՈՒԵՖԱ-ի մրցավարական հանձնաժողովի անդամները նրանց հետ կիսվելու են փորձով և տալու հրահանգներ ու խորհուրդներ:

Մրցավարներն անցնելու են նաև ֆիզիկական պատրաստվածության թեստ և ըստ դրա արդյունքների ստանալու են գնահատականներ: Այսօր միջազգային մակարդակի մրցավարները պետք է գերազանց ֆիզիկական պատրաստվածություն ունենան, որպեսզի համապատասխանեն պրոֆեսիոնալ ֆուտբոլի ժամանակակից պահանջներին: