4 սեպտեմբերի 2012 - 13:40 AMT
ՌԴ ԱԳՆ-ում քննարկել են Սաֆարովի ներման հետևանքները տարածաշրջանի անվտանգության համար

Սեպտեմբերի 3-ին ՌԴ ԱԳ առաջին փոխնախարար Անդրեյ Դենիսովը հանդիպել է Մոսկվայում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հետ: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, հանդիպումը տեղի է ունեցել հայ դիվանագետի խնդրանքով:

«Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը, որը ստեղծվել է ադրբեջանցի և հունգարական իշխանությունների գործողությունների արդյունքում, լուրջ մտահոգություն է հայտնվել հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ՝ տարածաշրջանում կայունության ու անվտանգության զարգացման համար»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Օրերս Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում և մայորի կոչում, բնակարան և 8 տարվա աշխատավարձ է շնորհվել երկրի նախագահի կողմից: Ի պատասխան դրան, Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը հայտարարում է, որ Ադրբեջանն ավելի վաղ երաշխավորել է, որ Սաֆարովի ցմահ ազատազրկման վերաբերյալ դատավճիռը կարող է փոփոխվել դատարանի միջոցով` դատավճիռը 25 տարի կրելուց հետո միայն: