4 սեպտեմբերի 2012 - 15:11 AMT
ՌՀՄ. Ադրբեջանը մարտահրավեր է նետել համաշխարհային հանրությանը` ցուցադրելով իր հանցավոր էությունը

Ռուսաստանի հայերի միությունը մեկնաբանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին և նրան ներում շնորհելը: ՌՀՄ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Ռուսաստանի հայերի միությունը վրդովմունքով է ընդունել Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելու շոկային լուրը:

Այդ գործողություններով, որոնք ոտնահարում են միջազգային իրավունքը և բարոյականության համամարդկային նորմերը, Ադրբեջանի ղեկավարությունը մարտահրավեր է նետել համաշխարհային հանրությանը, ցուցադրելով ողջ աշխարհին իր հանցավոր էությունը, որը հակասում է ՄԱԿ, ԵԽ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների հիմքում ընկած հիմնարար մարդասիրական սկզբունքներին:

Ռուսաստանի հայերի միությունն աջակցում է այս հարցում Հայաստանի նախագահի դիրքորոշմանը, որը նրա կողմից ներկայացվել է արտասահմանյան երկրների դեսպանների հետ հանդիպմանը, Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզելու մասին հայտարարությանը:

Այս ամենը ևս մեկ անգամ ցուցադրում է ԼՂՀ ժողովրդի ընտրության իրավունքը, որն անհնար է համարում իր ճակատագիրը կապել երկրի հետ, որը ոչ միայն պետական մակարդակով սատարում է մարդասպանին, այլ նաև ոճրագործին դարձրել է ազգային հերոս:

Դրա հետ կապված ՌՀՄ-ն անհրաժեշտ է համարում.

1. Դիմել ՌԴ ղեկավարությանը, որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, կոչ անելով նշել իր դիրքորոշումը հունգարական իշխանությունների վերաբերյալ և դատապարտել Ադրբեջանի ղեկավարության ցինիկ գործողությունները:

2. Ադրբեջանի իշխանությունների կողմից Սաֆարովի հանցավոր գործողությունների հերոսացումն իր մեջ նման հանցագործությունների տարածման իրական սպառնալիք է պարունակում: Ուստի դիմում ենք Ռուսաստանում գործող քաղաքական, հասարակական, իրավապաշտպան, կրոնական և այլ կազմակերպություններին, կոչ անելով բարոյական և քաղաքական-իրավական գնահատական տալ Ադրբեջանի ղեկավարության գործողություններին:

3. Կոչ անել Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժիններին և Ռուսաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին ստեղծված պայմաններում հանդես բերել համախմբվածություն, տոկոնություն և ցանկացած հանգամանքներում պահպանել այն բարձր բարոյական ոգին, որը միշտ բնորոշ է եղել մեր ժողովրդին»: