4 սեպտեմբերի 2012 - 15:03 AMT
Է.Նալբանդյան. Ադրբեջանը փորձում է իր երկրի կոռուպցիան արտահանել այլ երկրներ

ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Արգենտինայի արտգործանարարի պաշտոնական այցի ընթացքում բացի շատ այլ հարցերից, անդրադարձ է եղել նաև Սաֆարովի էքստրադիցիային:

«Չէինք կարող չանդրադառնալ հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում վերջին օրերին ստեղծված իրավիճակին: Սաֆարովի հանցագործությունից ի վեր Ադրբեջանը հետևողականորեն փառաբանում էր այս սարսափելի ոճրագործությունը՝ անգամ այն աստիճանի, որ մարդասպանին ներկայացնում էր որպես օրինակ ադրբեջանցի երիտասարդության համար:

Եվրախորհրդի, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ինչպե՞ս կարող էր ձևացնել, որ հավատում է Ադրբեջանի սին խոստումներին և գնալ նման կասկածելի քայլի: Միջազգային հանրության մոտ մեծ մտահոգություն է առաջացրել այս գործարքը:

Սեփական երկիրը լիովին թաղելով կոռուպցիայի մեջ՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են արտահանել այդ արատը այլ երկրներ, տեղափոխել միջպետական հարաբերությունների մակարդակ: Այս մասին վերջին տարիներին բազմաթիվ հրապարակումներ են եղել միջազգային մամուլում: Սա լուրջ զգուշացում է այն երկրներին և քաղաքական գործիչներին, որոնց մոտ նման գործարքների գնալու գայթակղություն է առաջանում»,-ասաց նախարարը:

Նալբանդյանն ասաց, որ միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել բանակցային գործընթացի քողի տակ Ադրբեջանի արկածախնդիր քաղաքականության շարունակումը, որը լուրջ սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության համար: