4 սեպտեմբերի 2012 - 18:04 AMT
Մ. Բելեցկի. Բաքուն չի հասկանում, թե որքան է տուժում երկիրը՝ բարոյական հրեշի կարգավիճակ ստանալով

«Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի անսպասելի արտահանձնումն ու նրա հետագա հերոսացումն Ադրբեջանում խորը շոկ են առաջացրել ողջ աշխարհում»,- Analitika.at.ua-ին է հայտարարել ուկրաինացի քաղաքագետ, Ուկրաինայի նախագահին կից հումանիտար խորհրդի անդամ Միխայիլ Բելեցկին:

Ինչպես նշել է քաղաքագետը, ոչ մի երկիր հավանություն չտվեց այս գործողություններին, իսկ դատապարտումը միաձայն էր: ԱՄՆ և ՌԴ ղեկավարները, Մինսկի խմբի համանախագահները, հասարակական և կրոնական կազմակերպությունները միասնական են Ադրբեջանին դատապարտելու հարցում:

«Հերոս կարգելով քնած մարդուն դաժանաբար սպանած մարդասպանին՝ Ադրբեջանն ինքն իրեն դուրս դրեց քաղաքակիրթ երկրների ցանկից: Հավանաբար, Ադրբեջանի ղեկավարները չեն հասկանում, թե որքան է տուժում երկիրը, բարոյական հրեշի կարգավիճակ ստանալով: Կարծում եմ, միջազգային հանրության նման գնահատականը կանդրադառնա նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ողջ սպեկտրի վրա»,-, ասել է ուկրաինացի փորձագետը:

Հուսանք, որ Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը իմաստուն և զուսպ կգտնվեն, սադրանքների չեն մատնվի և կօգտագործեն իրավիճակը աշխարահում ավելի հզոր աջակցություն ստանալու համար»,-ասել է Բելեցկին: