5 սեպտեմբերի 2012 - 16:01 AMT
EAFJD-ն հորդորում է ԵՄ-ին մտածել օրենքների ու արժեքների մասին՝ գազային և նավթային գործարքներ կնքելուց առաջ

Եվրոպայի հայկական ֆեդերացիան(EAFJD) դատապարտում է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու ու այնտեղ նրան ներում շնորհելու որոշումը:

«Քչերն էին կասկածում, որ Սաֆարովին Ադրբեջանում որպես հերոսի կդիմավորեն: Հավանաբար, Ադրբեջանի իշխանությունները խոստացել էին Հունգարիային, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժը, սակայն իրականում, ինչը զարմանալի չէ, նրան մայորի կոչում շնորհեցին, բնակարան տվեցին ու վճարեցին 8 տարվա աշխատավարձը:

Սաֆարովի արտահանձնումը պետք է հրապարակայնորեն դատապատվի, իսկ Բաքվից պետք է բացատրություններ պահանջվեն: Սաֆարովը պետք է շարունակի կրել պատիժը:

Համարժեք պատասխանի բացակայությունը Եվրոպայից ուղերձ է Ադրբեջանի ռազմատենչ ռեժիմի համար՝ շարունակել հրահրել սեփական քաղաքացիներին բռնության սպառնալիքներ տեղալ Հայաստանի ու հայության հասցեին»,-ասվում է հայտարարության մեջ:

«Եվրախորհրդարանը բազմիցս է բանաձևերի միջոցով դատապարտել մարդու իրավունքների խախտումն Ադրբեջանում: Ակնհայտ է, որ այդ երկրի կառավարությունը մտադիր չէ պահպանել միջազգային օրենքները: Մենք կոչ ենք անում ԵՄ-ին մտածել օրենքների ու արժեքների մասին՝ գազային և նավթային գործարքներ կնքելուց առաջ: ԵՄ-ն պետք է դատապարտի Բաքվի արկածախնդրային քաղաքականությունը»,-հայտարարել է EAFJD Կասպար Կարամպետյանը: