5 սեպտեմբերի 2012 - 21:27 AMT
Զարուհի Փոստանջյան. ՀՀ-ն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը

Այսօր Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ հրավիրել է ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված էր Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:

Այսօրվա հայտարարության նախագծի 3-րդ կետում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի Հանրապետությունները, 20 տարիների ընթացքում ձևավորվել և գոյություն ունեն որպես անկախ պետություններ:

Ըստ Զարուհի Փոստանջյանի, եթե խորհրդարանը ցանկանում է արդարացի գնահատական տալ թուրքական Ադրբեջանի վարքագծին և նրա հետ գործարք իրականացնող Եվրոմիության անդամ պետությանը` Հունգարիային, ապա անհապաղ պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, այնուհետև գործադիր իշխանությունից պահանջի ռազմական օգնության պայմանագիր կնքել Լեռնային Ղարաբաղի` իշխանությունների հետ: Ինչպես նաև պահանջ ներկայացնի ՀՀ նախագահին հայ-թուրքական արձանագրություններից ու Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու վերաբերյալ:

Փոստանջյանը հիշեցրել է. «Նախագահը նշում է, որ կապվել է մեր ավանդական կուսակցությունների ղեկավարների հետ: Բայց այդ կապը պետք է լինի մշտապես, այդ կապը պետք է լիներ նաև հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց առաջ և պետք հաշվի առնվեր նրանց կարծիքը»: Ինչ վերաբերում է Հունգարիայի և Ադրբեջանի միջև գործարքին, ապա Փոստանջանը նշել է, որ «հայ ժողովուրդը նման անբարո, անմարդկային գործարքների բազմիցս ականատես է եղել առնվազն վերջին հարյուրամյակում»:

Նա նշել է, որ պետք է գնահատական տալ այս գործարքին, սակայն դրանք չպետք է լինեն ուշացած և առանց լուրջ արդյունքների: