7 սեպտեմբերի 2012 - 16:12 AMT
Ռասմուսենը մեղադրել է Բաքվին ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին վնասելու մեջ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը մեղադրում է Ադրբեջանին ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին վնասելու մեջ, քանի որ վերջինս ներում է շնորհել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած և դրա համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև չպետք է վերսկսվի»,-ասել է Ռասմուսենը Բաքվի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ «վեճը չունի ռազմական լուծում»:

«Ես խորապես մտահոգված եմ Ռամիլ Սաֆարովին ներելու Ադրբեջանի որոշմամբ: 2004թ. նրա գործած արարքը հանցագործություն է, որը չպետք է փառաբանվի, քանի որ դա նվազեցնում է վստահությունը և չի նպաստում խաղաղ կարգավորմանը»,-ասել է Ռասմուսենը, որն ավելի ուշ պետք է հանդիպեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: