7 սեպտեմբերի 2012 - 18:17 AMT
Արմեն Ռուստամյանը Փարիզում ասել է, որ դիմելու է ԵԽ՝ Սաֆարովի գործով արդարությունը վերականգնելու համար

Սեպտեմբերի 6-ին Փարիզում Հունգարիայի դեսպանատան առջև տեղի է ունեցել բողոքի ակցիա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման դեմ: Ակցիայի մասնակիցները դատապարտել են Հունգարիայի քաղաքականությունը Սաֆարովին արտահանձնելու համար և Ադրբեջանի, որը երբեք առիթը բաց չի թողնում Ղարաբաղի հարցում միջազգային օրենքները խախտելու համար, հայտնում է Nouvelles d'Arménie-ին:

Բողոքի ակցիային մասնակցել է նաև «Եվրոպա Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցությունից ընտրված եվրախորհրդարանական Միշել Ռիվազին, որը հայտարարել է, որ և Հունգարիան, և Ադրբեջանը պետք է պատասխան տան կատարվածի համար: Իր հերթին հանրահավաքի մասնակից ՀՀ ԱԺ անդամ Արմեն Ռուստամյանը հավաստիացրել է, որ դիմելու է Եվրոպայի խորհրդին՝ արդարությունը վերականգնելու համար:

Ակցիայի մասնակիցները Հունգարիայի դեսպան Լասլո Տրոչանիին են փոխանցել բողոքի նամակը, իսկ Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագաններ Մուրադ Փափազյանն ու Արա Թորանյանը քննարկել են ստեղծված իրավիճակը:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: