7 սեպտեմբերի 2012 - 21:11 AMT
Պարզվում է` Օսմանյան կայսրությունում տարբեր կրոնները «Ստամբուլի կողմից միշտ էլ դիտարկվել են որպես մեծ հարստություն»

Թուրքական կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արաբական գարունը և խաղաղությունը նոր Մերձավոր Արևելքում. Իսլամական և քրիստոնեական հեռանկարներ» կոնֆերանսին ելույթ ունենալիս անդրադարձել է Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների հարցին, հաղորդում է թուրքական Sondakika կայքը:

Ըստ տեղեկատվության, Թուրքիայի վարչապետը, մասնավորապես, հայտարարել է, որ «Օսմանյան կայսրությունում տարբեր կրոնները Ստամբուլի կողմից միշտ էլ դիտարկվել են որպես մեծ հարստություն և մեծ հուզմունքով ընկալվել»:

«Հայկական հարցի վերաբերյալ ևս Թուրքիան միշտ կողմ է հանդես եկել գաղտնի աքրխիվների բացմանը, և այն պատմաբանների ու այլ գիտնականների դատին ներկայացնելուն»,-ընդգծել է Էրդողանը:

Ընդ որում, նա հայտարարել է, որ 10 տարիների ընթացքում, երբ ինքը պաշտոնավարել է որպես վարչապետ, երկրում «իրականացվել են բազմաթիվ բարեփոխումներ, այդ թվում` կրոնական փոքրամասնություններին իրենց իրավունքները վերադարձնելու ուղղությամբ»:

Ընդգծենք, որ, երևի հենց այդ «հանդուրժողականության» պատճառով Օսմանյան Թուրքիայում իրականացվեց հայերի, ինչպես նաև ասորիների և Պոնտոսի հույների ցեղասպանություն: Միայն Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, որի մասին արխիվային տվյալները Թուրքիան հրաժարվում է հրապարակել, գերազանցում է 1.5 մլն: